ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի համակարգչային ֆեդերացիայի կողմից առցանց ձևով անցկացված Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային 18–րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ:
Նշյալ օլիմպիադայում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանն արժանացել է արծաթե, իսկ Քվանտ վարժարանի 11-րդ դասարանի սան Գագիկ Գևորգյանը՝ բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել են 35 երկրների դպրոցականներ:
Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:
Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,
2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
- առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
- գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
- եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։
3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
- առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ: