Ակտիվացրեք էլեկտրոնային ծանուցման համակարգը, տուգանքը վճարեք ավելի քիչ, օգտագործեք թվային լուծումներ, պահպանեք շրջակա միջավայրը

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնել էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը։

Այն հնարավորություն է տալիս տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազեցնել 20 տոկոսով։

Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 29 701 քաղաքացի։

Քաղաքացիների՝ թվայնացման դաշտ ինտեգրվելը թույլ է տալիս վերացնել թղթային ծանուցումները. կրճատելով թղթի օգտագործումը՝ այդ կերպ նաև նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը։

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։

Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեզ պատկանող տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլփոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլփոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։

Էլփոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

Հաջորդիվ մուտք եք գործում էլփոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կհայտնվեք կրկին roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ ձեր կատարած իրավախախտումների համար սահմանված տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար։

Spread the love