Կվերակառուցվի Կապանի ֆուտբոլային մարզադաշտը

Կապանի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի  մարզի  Կապան  քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման քննարկման ժամանակ։

Ներկայում Կապանի մարզադաշտի ենթակառուցվածքներն (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) ունեն կապիտալ վերանորոգման կարիք։ Որոշման ընդունմամբ նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով՝ կառուցել միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր:

«Շատ կարևոր է, որ Կապանում առկա մարզադաշտը պատշաճ տեսքի բերվի և համատասխանեցվի պահանջվող չափանիշներին: Որոշակի ներդրումների հնարավորություն կա նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ միջազգային խողովակներով, մասնավորապես՝ խոտածածկի տեղադրման առումով: Որոշման ընդունումից հետո այս գործընթացներն ավելի արդյունավետ կկազմակերպվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Կապանի քաղաքային մարզադաշտի այժմյան պայմաններում այնտեղ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումներ անցկացնել հնարավոր չէ, այն դեպքում, երբ տեղի «Գանձասար» ակումբը Հայաստանի Առաջին խմբի 2023/24 մրցաշրջանի արդյունքներով նվաճել է չեմպիոնի կոչումն ու Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք է ստացել: Ստեղծված իրավիճակում «Գանձասարը» հանդիպումներն անցկացնելու է Վայքում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտ ներկայացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել:

«Կարծում եմ՝ սա լրացուցիչ ազդակ է լինելու մեր երկրում ֆուտբոլի զարգացման և ենթակառուցվածքների ապահովման համար: ՀՖՖ-ի հետ այս պահին 4 ֆուտբոլային դպրոցներ են կառուցվում Երևանում և ՀՀ մարզերում: Սա ֆուտբոլի համալիր զարգացման ծրագիր է, որի համատեքստում դիտարկվում է նաև Կապանի մարզադաշտի բարեկարգումը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարի Բաթումիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով՝ մինչև 2029 թվականը Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 մարզադաշտ կառուցելու խնդիր է դրվում: Ըստ վարչապետի՝ մարզադաշտերից մեկը պետք է նախատեսված լինի նվազագույնը 35 հազար, իսկ մյուս երկու մարզադաշտերը՝ նվազագույնը 10 հազար հանդիսականի համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացմամբ՝ քննարկվել է Լոռու և Տավուշի մարզերում երկու մարզադաշտերի ստեղծման հնարավորությունը։  Վանաձորում նախատեսվում է առկա մարզադաշտի վերակառուցում իրականացնել․  նախագծման նախնական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մյուս մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Իջևանում. դիտարկվում է նախկին մարզադաշտին կից տարածքը: Նախարարի դիտարկմամբ՝ 35 հազար հանդիսականի համար նախատեսված Ազգային ստադիոնի կառուցման հարցն էլ քննարկվում է ակադեմիական քաղաքի ստեղծման շրջանակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Ազգային մարզադաշտի կառուցումը պետական քաղաքականության նպատակադրումներից է. «2029 թ. ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը, կարծում եմ, մեծ մոտիվացիա կլինի բոլորիս համար: Մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը ռազմավարական ծրագիր է: Սպորտին պետք է նայենք նաև որպես տնտեսության ճյուղ, որն անընդհատ պետք է զարգանա»:

 

 

 

 

Spread the love