Պակիստանը, Սոմալին, Պանաման, Դանիան և Հունաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 6-ին Դանիային, Հունաստանին, Պակիստանին, Պանամային և Սոմալիին ընտրել է Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ՝ երկամյա ժամկետով, որը կսկսվի հաջորդ տարվա հունվարի 1-ից: Դրա մասին հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից։

Այս երկրները կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային։ Նոր անդամները կմիանան գործող ոչ մշտական ​​անդամներին՝ Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային:

Վետոյի իրավունք ունեցող Խորհրդի հինգ մշտական ​​անդամներն են՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ ՄԱԿ-ի՝ 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհուրդը առաջնային պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար, և բոլոր անդամ պետությունները պարտավոր են ենթարկվել ԱԽ որոշումներին:

Spread the love