Կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը

Հունիսի 17-ին կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է ՛՛Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի ՛՛Image” ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի Ռիգոլետտո օպերայի թեմաներով պարաֆրազը: Երկրորդ բաժինը ամբողջությամբ նվիրված էր Շոպենի ստեղծագործություններին, հնչեցին Նոկտյուռն, Մազուրկա, Վալս, Էտյուդ, իսկ համերգը եզրափակվեց Շոպենի թիվ 1 Բալլադով: Շուրջ 2 ժամ տևողությամբ վիրտուոզ պատանի դաշնակահարի կատարումները դյութեցին բազմաթիվ հանդիսատեսին, որի ծափահարությունների և ծաղկեփնջերի տարափի ներքո, Էդուարդը կատարեց Արամ Խաչատրյանի ՛՛Պոեմը՛՛, որպես ԲԻՍ: Առանձնահատուկ հուզիչ էր լսել հայտնի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը իր սեփական տուն-թանգարանի պատերի ներքո: Էդուարդ Գևորգյանի հետ զրույցում նա հուզված էր, ոգևորված, բայց միաժամանակ շատ երջանիկ: Խոստացավ շարունակել համերգային գործունեությունը և մոտ ապագայում հանդիսատեսին ներկայանալ նոր վայրերում, հնարավոր է նաև՝ նոր ձևաչափով: Հաջողություն մաղթենք մեր տաղանդավոր հայ պատանուն իր բոլոր նախաձեռնություններում:

Լրատվություն

Spread the love