Ժողովրդավարության հայկական ֆորումը լավ առիթ է քննարկելու ՀՀ-ում ժողովրդավարության եւ ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը, եւ քննարկելու այն մարտահրավերները, որոնք Հայաստանում գոյություն ունեն ժողովրդավարական բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման համար: Այս մասին հիշյալ ֆորումի սկզբում իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ֆորումի արդյունքներով լավ կլինի, որ մենք միասին ամփոփենք, թե հետագա զարգացման ինչ մարտավարություն պետք է որդեգրենք ժողովրդավարական բարեփոխումների համար եւ ճանապարհային ինչ քարտեզ պետք է ունենանք, որ ժողովրդավարության զարգացման առումով մեր ջանքերը համադրվեն:
Մենք պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ, «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում: Դա շատ կարեւոր է: Երբ որեւէ ճանապարհ տասնյակ տարիներ կիսավեր վիճակում է եւ հանկարծ հիմնանորոգվում է, դա մարդկանց համար նորություն է ընդամենը մեկ շաբաթ, դրանից հետո դա առօրեականություն է, դրանով ոչ մեկի այլեւս չես զարմացնի կամ ուրախացնի: Որովհետեւ ուրախացել, վերջացել են, հիմա իրենց նոր առիթներ են պետք ուրախանալու համար»,-ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաեւ հավաքների ազատության մասին՝ նշելով. «7-8 տարի առաջ քննարկում էինք մարտահրավերներ՝ կապված հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակման վերաբերյալ: Հիմա ՀՀ-ում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային, նաեւ բացօթյա, որտեղ հանրահավաք անելը այնքան էլ հեշտ չէր, եթե չասենք՝ անհնարին էր: Էլ չեմ ասում, որ անհնար էր երբեմն դահլիճներ վարձելու համար քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար: Կամ խոսքի ու մամուլի ազատության բռնաճնշումներ կային: Կարծում եմ՝ սա նույնպես մի թեմա է, որն անցյալում է Հայաստանում»: