
Նա պարզաբանեց, որ տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Միրզոյանը հավելեց, որ սա հետեւողական գործընթաց է, եւ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- վստահեցրեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը Սոչիում (2021 թվականի նոյեմբերի 26-ին – խմբ.) պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
«Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը եւ մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- եզրափակեց արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին էր փոխանցել սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ առաջարկները։