Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։
Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։
Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):
30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։