Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում

Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը»  նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» կինոնկարները։

Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով:

Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի մասնակցությամբ նկարահանված մի շարք կինոֆիլմերի ազդագրերի եզակի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա:

Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրությունը գործելու է մինչև ս.թ. հուլիսի 25-ը:

 

 

 

 

Spread the love