Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը, իրավասություն չի ստացել ներկայացնելու համայնքը Շուշի քաղաքում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
«Օրբանը ԵՄ Խորհրդից մանդատ չի ստացել՝ նրա շահերը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ներկայացնելու համար»,- գրել է Բորելը X-ում (նախկինում՝ Twitter): Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը օրինականացնելու թյուրքական երկրների փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը։
Բորելն ավելի վաղ նման հայտարարություն էր արել Օրբանի Մոսկվա այցից առաջ։ Այն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը մատնանշել էր, որ ԵՄ-ն բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Հունգարիայի վարչապետն այցելել է Մոսկվա «բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում»։
Միևնույն ժամանակ, Բորելն ընդգծել էր, որ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը Բուդապեշտին որևէ հատուկ իրավունք չի տալիս ԵՄ-ն միջազգային ասպարեզում ներկայացնելու համար։