Ես ևս մեկ անգամ ուզում եմ խոսել թվայնացման մասին և այն համակարգերի մասին, որոնք որ դեռևս ոչ շատ տեսանելի, բայց էական արդյունքներ են ապահովում Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետության առումով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարածատեղեկատվական միասնական GIS համակարգի ընդլայնման ուղղութամբ իրականացված աշխատանքների մասին հարցի զեկուցման ժամանակ: Այսօր ավարտվում է համակարգի՝ աշխատակիցների վերապատրաստման այս փուլով նախատեսված ծրագիրը:
«Մեր բոլոր վարչություններին որոնք առնչություն ունեն համակարգի հետ, պետք է խնդրեմ, որ ակտիվ ներգրավվեն այս դասընթացների գործընթացում, որովհետև շուտով այս համակարգերից դուրս որևէ այլ համակարգով մենք չենք աշխատելու: Մենք նույնիսկ աղբամաններում եղած աղբի վերահսկելիությունը օնլայն ռեժիմով տեսնելու ենք: Ինքս օրվա ընթացքում հաճախակի մտնում եմ «Ակտիվ քաղաքացի» հարթակի ընդհանուր պլատֆորմ և հետևում եմ, թե որ վարչական շրջանում ինչ աշխատանքներ են արվում, ուշացումներն ինչպիսին են»,- ասաց նա:
Քաղաքապետը խնդրեց, որ բոլորն այս փոփոխությանը պատրաստ լինեն, որովհետև սա բոլորին էլ ավելի արդյունավետ և թափանցիկ է դարձնելու: Նրա կարծիքով՝ մեկ րոպե շուտ այս հարթակի հնարավորություններին ծանոթանալը բոլորին է ձեռնտու:
Նշենք, որ փորձարկումներից հետո առանձին լիցենզիայով ձեռք է բերվելու ծրագիր, որով ավտոբուսները, աղբահանության մեքենաները տեղադրվելու են քարտեզների վրա, այստեղ մենք ունենալու ենք հնարավորություն այդ համակարգերն ավելի թափանցիկ ու կառավարելի դարձնել նաև այդ գործիքների օգտագործմամբ:
«Շատ կարևոր է, որ կարողանանք այս կարողությունները ևս օգտագործենք, որ ոչ միայն այլ ընկերությունների քարտեզներում արտացոլված լինեն մեր ավտոբուսները, այլ նաև մեր քարտեզներում մենք տեսնենք՝ այս ավտոբուսները որ հատվածում են, մեր աղբատար մեքենաները որ հատվածում են, մեր շտապօգնության ավտոմեքենաները որտեղ են գտնվում և «Սմարթ սիթի» կոնցեպտի ամենակարևոր բաղադրիչը հենց այս տվյալների մեկ հարթակում տեղակայումն է, ինչպես նաև դրանց որոշակի փոխկապակցումը:
Եթե վաղը գնում ենք խելացի լուսացույցեր տեղադրելու և դրա soft-ը կազմակերպելու, շատ կարևոր է հասկանալ, թե մեր ընդհանուր քաղաքային տեխնիկան որ հատվածներում է գտնվում և, արդյոք, մենք արդյունավետ ենք դրանք կիրառում, թե՝ ոչ»,- ասաց Ավինյանը: