Նախաձեռնությամբ առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավորի դիտարկմամբ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատում:
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրվում է դեղորայքային ընդհատումը, սակայն քանի որ մեզ մոտ այս կարգավորումը նոր է, բավարար փորձ պետք է կուտակվի, որոշեցինք վերոնշյալ շեմն իջեցնել` նախատեսելով, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում», – ընդգծել է զեկուցողը:
Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:
Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաեւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:
Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման եւ ոչնչացման հետ:
Հանձնաժողովի անդամները ողջունել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների` ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
ՀՀ կառավարության առաջարկությամբ հուլիսի 11-ին գումարվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված նախաձեռնությունը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 8-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: