Տարեսկզբից Ռուսաստանի ներքին գործերի մարմինները երկրից վտարել են, ընդհանուր առմամբ, 65 հազար անօրինական ներգաղթյալների, իսկ 120 հազար մարդու մուտքը ՌԴ արգելվել է, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Իրինա Վոլկը իր թելեգրամյան ալիքում։
Նա նշել է, որ 2023 թվականին Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիների դիմումների հիման վրա տրվել է ավելի քան 2 միլիոն աշխատանքային արտոնագիր, 120 հազար աշխատանքային թույլտվություն վիզայի հիման վրա ժամանող քաղաքացիների համար, աշխատանքի նպատակով ՌԴ-ում գրանցվել է 1,3 միլիոն քաղաքացի ժամանած Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից։
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ 2024 թվականի հունիսին ավարտվել է ՀԱՊԿ հովանու ներքո անցկացվող «Անօրինական-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ գործողության առաջին փուլը։
2023 թվականին որոշումներ են ընդունվել մոտ 170 հազար օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու մասին։
ՌԴ ՆԳՆ-ի ձեռնարկած միջոցառումներն օգնել են ամրապնդել օտարերկրյա քաղաքացիների կատարած հանցագործությունների թվի նվազման միտումը։
«Այս տարվա առաջին վեց ամիսներին այս ցուցանիշը նվազել է 6,4%-ով։
Ներգաղթյալների կատարած առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 11,1%-ով, ներառյալ՝ սպանություններն ու մահափորձերը՝ 18%-ով, սեռական անձեռնմխելիության և անհատի սեռական ազատության դեմ՝ 8,5%-ով, կողոպուտները՝ 30%-ով, ավազակությունը՝ գրեթե 10%-ով»,- գրել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։
Անօրինական գործողություններ կատարած ներգաղթյալների թիվը նվազել է 3,7%-ով։