Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ:
Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առանցքային հարցերի ու մարտահրավերների շուրջ:
Այս տարի հանդիպումը կրում էր «Անկայուն և անորոշ միջավայրում կայուն աճի ապահովում» խորագիրը: Պանելային թեմատիկ քննարկումներ են տեղի ունեցել մասնավոր կապիտալի մոբիլիզացման ռազմավարությունների, նորարարությունների, արհեստական բանականության հնարավորությունների շուրջ:
Միջոցառման շրջանակներում Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ: Վերջինիս հետ, մասնավորապես, քննարկվել են ՀԲ-ի հետ օրակարգային ծրագրերի հարցեր ջրային, էներգետիկայի, սոցիալական ոլորտներում, ներառյալ նաև՝ բյուջետային աջակցությունը:
Առանձին հանդիպում է կայացել նաև Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության գլխավոր գանձապետ Յասպեր Վեսելինգի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առանցքային հարցեր, ներառյալ՝ ֆինանսների նախարարությունների միջև փորձի փոխանակման ընթացիկ ծրագրի իրականացումը, ինչպես նաև հետագա փոխգործակցության նոր հեռանկարներ: