Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ ներկայումս քննարկվող բյուջետային աջակցության ծրագիրը ԱԶԲ տնօրենների խորհրդին կներկայացվի սեպտեմբերին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԱԶԲ կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը, և նախարարը Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԶԲ մասնակցությանը ծրագրին՝ նկատի ունենալով, որ հայկական կողմն արդեն իսկ պաշտոնապես դիմել է ԱԶԲ-ին՝ 236 մլն եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով:
Նախարար Հովհաննիսյանը կարևորել է նաև ԱԶԲ կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ նկատելով, որ ԱԶԲ հետ ինչպես նպատակային և բյուջետային աջակցության վարկային ծրագրերի, այնպես էլ տեխնիկական աջակցության գործիքների տեսքով իրականացվող բոլոր նախաձեռնություններն ուղղված են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը։