Գազայում պահվող պատանդների ընտանիքները խիստ քննադատության են ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, երբ նախօրեին անվտանգության կաբինետի նիստի ժամանակ նա անտեսել է Գազայում պահվողների կյանքին սպառնացող վտանգը:
Ըստ Ynet-ի՝ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի և պատանդների մասին համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է, թե Իսրայելը չպետք է ճնշման տակ լինի։ «Հենց ՀԱՄԱՍ-ի վրա է պետք է ճնշում գործադրել։ Պատանդները տառապում են, բայց չեն մեռնում»:
Պատանդների ընտանիքների ֆորումն իր տաարածած հայտարարության մեջ Նեթանյահուին կոչ է արել «անհապաղ պարզաբանել» իր հայտարարությունը:
«Վարչապետի խոսքերը ոչ միայն խոր վիրավորական են պատանդների ընտանիքների համար, այլև իրականում ոչ ճշգրիտ են և վտանգավորության չափ անպատասխանատու: Մռայլ իրականությունն անհերքելի է՝ պատանդներն արդեն սպանվել են գերության մեջ։ Հենց այս պահին ավելի շատ պատանդներ կարող են մահանալ»,- ասված է խմբի հայտարարության մեջ: Կազմակերպությունը միաժամանակ ընդգծել է, որ բանակցությունները «հասել են կրիտիկական կետի», և որ ներկայիս՝ համար բոլոր պատանդների ազատ արձակումը ապահովելու առաջարկը «միակ կենսունակ ճանապարհն է»:
«Խիստ կարևոր է, որ Իսրայելի ամբողջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, այս գործարքի ստորագրումը արագացնելու համար անի ամեն հնարավորը, ոչ թե խոչընդոտներ ստեղծի», – հայտարարել են կազմակերպությունում:
Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ դեռ հայտնի չէ, թե քանի պատանդ է դեռևս ողջ Գազայում, քանի որ ՀԱՄԱՍ-ի խոսնակն անցյալ ամիս CNN-ին հայտնել էր, որ «ոչ ոք դրա մասին նվազագույն պատկերացում չունի»:
Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայում 120 պատանդ է պահում: Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է պատանդներից 42-ի մահը։