Իրանը մտադիր է դատական պատասխանատվության ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության կատարողներին եւ կազմակերպիչներին։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԶԼՄ-ների տեղեկություններից հետո, թե իբր Թեհրանում եղել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պլաններ։ Թրամփը 2020թ. հրամայել էր վերացնել իրանցի զորահրամանատարին։
«Ես ոչ երկիմաստորեն ձեզ ասացի, որ մենք կդիմենք իրավաբանական եւ դատական միջոցների եւ մեխանիզմների ազգային եւ միջազգային մակարդակներում, որպեսզի պատասխանատվության ենթարկենք գեներալ Սուլեյմանիի սպանության [պլանը մշակողներին եւ] կատարողներին»,- ասել է իրանցի դիվանագետը CNN հեռուստաալիքի հարցազրույցում։
«Մենք կօգտագործենք միայն իրանական եւ միջազգային իրավական եւ դատական ընթացակարգերը»,- ասել է Բաղերի Քանին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են հրաժարում Թրամփի հանդեպ բռնի միջոցների կիրառումից։
«Ամերիկացիները բացահայտ հայտնել են, որ իրենք են սպանել բարձրաստիճան իրանցի զորահրամանատարին։ Այնպես որ՝ այս հարցով զբաղվելը մեր բնական իրավունքն է, եւ նրանք, ովքեր մեղադրվում են այս գործով, պետք է կանգնեն արդար դատի առջեւ»,- ավելացրել է պաշտոնյան։ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Սուլեյմանին զոհվել է 2020թ. հունվարի 3-ին ԱՄՆ ՌՕՈւ հրթիռային գրոհի հետեւանքով Բաղդադի օդանավակայանի շրջանում։