Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Մոսկվան կարող է հրթիռներ տեղակայել, այդ թվում՝ «միջուկային սարքավորումներով»՝ ի պատասխան Գերմանիայում ամերիկյան զենքի տեղակայման։
«Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ Ռյաբկովը չի հստակեցրել, թե որտեղ և ինչ տեսակի հրթիռներ կարող են տեղակայվել, հաղորդում է Meduza-ն։
Հուլիսի 11-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կսկսի հեռահար սպառազինությունների «տարբեր» տեղակայումը Գերմանիայում: Հեռահար կրակային ստորաբաժանումները կներառեն SM-6 հրթիռներ, Tomahawk հրթիռներ և հիպերձայնային զենքեր, որոնք մշակվում են «էականորեն ավելի մեծ հեռահարությամբ, քան ներկայիս ցամաքային կրակային զենքերը Եվրոպայում», ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն այնուհետև պատասխանել է, որ Մոսկվան «առանց նյարդերի, առանց էմոցիաների կմշակի առաջին հերթին ռազմական պատասխան այս նոր խաղին»։
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսն ավելի ուշ նշել է, որ հասկանում է գերմանացիների մտահոգությունները՝ կապված ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման ծրագրերի հետ։ Բայց Գերմանիան, նրա կարծիքով, պետք է «իրեն հնարավորինս լավ պաշտպանի»։
Սառը պատերազմից հետո առաջին անգամ գերմանական տարածքում կտեղակայվեն սպառազինության համակարգեր, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածք, նշել է DW-ն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բավական զսպման ներուժ ունի Եվրոպայում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման դեպքում, սակայն պետք է իր հրթիռներն ուղղի եվրոպական երկրների մայրաքաղաքներին։