Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի. Իրանի դեսպան

Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի: Այս մասին իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Հայաստանն ու Իրանը երկարաձգեցին «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Այսպիսով, Թեհրանը տարեկան 360 մլն խմ գազ է արտահանում Հայաստան, իսկ դրա դիմաց ներմուծում է էլեկտրաէներգիա։

«Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ բերել նաև Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի մի քանի ամսում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ առևտրի ոլորտում հնարավոր է եղել Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 711 մլն դոլարի, օրական 400 բեռնատար ավտոմեքենա:

Սոբհանին ընդգծել է, որ Հայաստանը կարևոր շուկա է Իրանի համար, քանի որ ԵԱՏՄ անդամ երկիր է։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Երկրների միջև կա 46 կմ սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում»,- նշել է դիվանագետը։

Իրականացվող համատեղ ծրագրերի թվում նա նշել է ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը։

Spread the love