Գործընկերներին ինքնապաշտպանության համար զենք ու զինամթերք տրամադրելը նորմալ է։ Այս մասին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Հայաստանին զենքի մատակարարումների մասին ադրբեջանցի լրագրողի հարցը։
«Նորմալ է պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել՝ զգալով, որ կարող է ենթարկվել այլ պետության ագրեսիայի։ Եվ ես երբեք չեմ լսել վարչապետ Փաշինյանից, որ նա պատերազմի կամ ագրեսիայի որևէ ծրագիր ունենա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես նշել է Մակրոնը, վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանը զինվել է շատ ավելի լավ, քան Հայաստանը։
«Եթե նայեք, ապա վերջին տասնամյակում Ադրբեջանը կարծես թե շատ ավելի լավ է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում ինձ (ուղղեք, եթե սխալվում եմ), Ադրբեջանն էր, որ սարսափելի պատերազմ սկսեց 2020 թվականին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ եթե Երեւանն ու Բաքուն ավարտին հասցնեն հաշտության պայմանագրի նախապատրաստումը, Փարիզը կաջակցի դրան։
«Կարծում եմ, որ ռազմական տեսանկյունից ցանկացած երկրի հետ համագործակցությունը միանգամայն նորմալ երեւույթ է երկու ինքնիշխան պետությունների միջազգային կյանքում։ Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է: Ես իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանի հեռանկարը նույնպես խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, մենք կաջակցենք դրան»,- եզրափակել է Մակրոնը։