Ավազակություն Երևանի բնակչուհու նկատմամբ․ կնոջ նախկին ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ավազակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող Կամոյի անվան դպրոցի մոտ վերոնշյալ կինը հանդիպել է իր նախկին ընկերոջը՝ 27–ամյա երիտասարդին։

Վերջինս, ընկերոջը զանգելու պատրվակով, վերցրել է կնոջ հեռախոսը։ Այնուհետև չվերադարձնելով հեռախոսը՝ քաշքշել է  նրան և հարվածներ հասցրել ոտքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է գետնին, և պայուսակն ընկել է ձեռքից։ Նույն վայրում գտնվող մեկ այլ տղամարդ, վերցնելով պայուսակը, որի մեջ եղել են բանկային, նույնականացման քարտեր, այլ փաստաթղթեր և գումար, դիմել է փախուստի։ Վերջինիս բռնելու պատրվակով, կնոջ հեռախոսը ձեռքին, փախուստի է դիմել նաև 27–ամյա երիտասարդը։

Պարզվել է, որ 27–ամյա երիտասարդը, հեռախոսի միջոցով հասանելիություն ստանալով նրա անձնական և բանկային տվյալներին, կնոջ անվամբ, նույնականացման քարտի միջոցով, շուրջ 4,3 մլն դրամի չափով առցանց վարկ է ձևակերպել և փորձել բանկային քարտից խոշոր գումարային փոխանցում կատարել մեկ այլ ֆիզիկական անձի բանկային քարտի, որը չի հաջողվել։

Իսկ վարկի տրամադրումը կասեցվել է տուժողի կողմից այդ ընթացքում կանխարգելիչ նպատակներով իր հաշիվներն արգելափակելու համար բանկ զանգահարելու արդյունքում։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերը։ Տուժող կնոջ ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող 27–ամյա երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

Spread the love