Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»:

Նշենք, որ տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։

«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։

Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել. «Ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել: Այս պահին տեսանյութը ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Spread the love