ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:
Նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:
Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է դաստիարակը ծեծում քնելու պառկած երեխային։ Տարբեր գրառումներից հասկանալի է, որ դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,- ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը, իսկ երեխան լացելով փորձում է փախչել նրանից։
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել. «Ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել: Այս պահին տեսանյութը ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի»,- ասել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: