Ռուսաստանում ծնելիության գործակիցը ցածր մակարդակի վրա է՝ 1,4։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РБК-ն։
Ըստ Պեսկովի, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար։ «Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Իսկ մենք տարեցտարի ավելի քիչ ենք դառնում։ Սա հնարավոր է հաղթահարել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա:
Այժմ Ռուսաստանում ծնելիության գործակիցը 1,4 է, ինչը համեմատելի է եվրոպական երկրների և Ճապոնիայի հետ, կարծում է նախագահի մամուլի քարտուղարը։ Նա հերոսներ է անվանել բազմազավակ մայրերին և կոչ արել «ուշադրություն դարձնել մեր միջի նման հերոսներին»։
Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանի բնակչությունը կրճատվել է 244 հազար մարդով և կազմել 146,2 միլիոն։