Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Օլիմպիական կոմիտեին՝ «հակաադրբեջանական սադրանքի» առիթով

Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։

Այս դեմարշի առիթը Օլիմպիական խաղերի հեռարձակման հաղորդավարի` Սենայով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցնելու ժամանակ Հայաստանին ուղղված բարեկամական արտահայտությունն է եղել։

«Անկասկած, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Մինչդեռ Ադրբեջանում այս հայտարարության պատճառով սկսեցին խոսել «անհարգալից վերաբերմունքի» և «Օլիմպիական խարտիայի խախտման» մասին։

«Նամակում ասվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետական ​​հեռուստաալիքի նման անհարգալից վերաբերմունքը Օլիմպիական խարտիայի ակնհայտ խախտում է։ Նման քարոզչությունը հակասում է խաղերի ոգուն և ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի ձախողմանը։ Ուստի ՄՕԿ-ին առաջարկվել է վճռական դիրքորոշում ընդունել 2024 թվականի  Փարիզի   Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտի քաղաքականացման դեմ, հրապարակային հայտարարություն անել և բողոք ներկայացնել  կառավարությանը, Ֆրանսիայի ազգային օլիմպիական և մարզական կոմիտեին, ինչպես նաև վերոնշյալ հեռուստաալիքին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Spread the love