Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. քննարկվել է ԱՍՀ նախարարության 2025 թ․ բյուջետային հայտը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում նախարարի տեղակալները մանրամասնել են աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների, սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության ու ժողովրդագրության ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ծախսման ուղղությունները և այլն։
Անդրադառնալով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվելիք աշխատանքներին՝ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մանրամասնել է երեխաների, տարեցների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվելիք աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տվյալ ուղղություններով նախատեսվող ֆինանսական միջոցները կուղղվեն գործող ծառայությունների ընդլայնման ու որակի բարելավման, նոր ծառայությունների ներդրման և մի շարք այլ ուղղություններով։
Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և ժողովրդագրության ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ ներկայացնելով աշխատանքային ստաժի հաշվարկման, կենսաթոշակի նոր տեսակի սահմանման, ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման և այլնի մասին։ Նախարարի տեղակալը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի իրականացման ընթացքի մասին՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացով պայմանավորված՝ 2025 թ․դիմելիության ցուցանիշը կբարձրանա և բնակարանների գնման գործընթացը կընթանա առավել մեծ տեմպով։
Նշվում է նաև, որ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներին տրամադրվող նոր ծառայությունների, ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցության գործընթացի, սոցիալական բնակարանների վերանորոգման և այլնի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ Վերջինս նշել է, որ նոր միջոցառումներ են նախատեսվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներում կրթությունից դուրս մնացած երեխաների՝ դպրոց վերադառնալու, ինչպես նաև անապահով ընտանիքներում երեխա ծնվելու դեպքերում։
Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը խոսել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին՝ ներկայացնելով զբաղվածության միջոցառումների, սոցիալական փաթեթի իրացման և այլ ուղղություններով նախատեսվող աշխատանքները։