Երեխաների բռնության դեպքերը բազմաթիվ են. Դպրոցներում չգիտեն՝ ինչ պետք է անել բուլինգի դեպքում. ՄԻՊ ներկայացուցիչ

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են, ոչ միայն ֆիզիկական բռնությունն է տարածված, այլև հոգեբանական, դպրոցներում նաև տարածված են բուլինգի հետ կապված խնդիրները: Այս մասին, այսօր՝ «Երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունը մանկապարտեզներում. ո՞րն է իրավական գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը:

«Մենք հատուկ անդրադարձել ենք այն հարցին, որ անհրաժեշտ է հստակ մեխանիզմներ նախատեսել, որ բռնության դեպքերում նախ լինեն կանխարգելման մեխանիզմներ եւ դպրոցներում, եւ մանկապարտեզներում եւ այլ վայրերում, այդ թվում նաեւ թե ինչպես պետք է արձագանքել դրան:

Ուղեցույց մշակվեց ԿԳՄՍՆ-ի կողմից, թե դպրոցներում ինչպես պետք է բացահայտել բուլինգի դեպքերը, ինչ պլան պետք է ունենալ: Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ շատ դպրոցներ դեռեւս տեղյակ չեն այդ կարգի մասին, որ պետք է ունենան հատուկ առանձին մասնագետ, ինչպես պետք է այդ դեպքերին արձագանքել:

Կա նաոեւ կարծրատիպ, որ եթե ծնողը հրաժարվում է երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդում ներկայացնել, ապա հարցը փակվում է: Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս, որ այն հանրային կարգով որպես մեղադրանք դիտարկվի եւ ընթացք տրվի: Այն, որ ծնողը հրաժարվում է հայց ներկայացնել, գործողությունը պետք է շարունակվի եւ բռնություն գործադրողը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց նա:

Ժաննա Հակոբյանը նկատեց, որ երեխան հնարավոր է բռնության է ենթարկվում նաեւ ընտանիքում եւ պետությունը այս հարցում պետք է լինի շատ զգայուն:

Նա նշեց, որ բռնության բացահայտման, կանխարգելման և արձագանքման ուղղությամբ ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակում մեծ գլուխ է հատկացվել, որը վկայում է, որ շատ անելիքներ կան պետության տեսանկյունից հարցը հստակ հասցեավորելու ու կարգավորելու ուղղությամբ։

Ժաննա Հակոբյանի խոսքով, գործընթացների մեջ օրենսդրական խնդիրներ կան, կա համագործակցության բացակայության խնդիր, երբ բռնության դեպքը տեսնելով՝ չեն բարձրաձայնում, թեև ընդունված որոշմամբ՝ բոլոր այն կառույցները, որոնք որևէ ձևով առնչվում են բռնությանը՝ պարտավոր են։

Spread the love