Թուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով

Ռուսաստանից վճարումներ ընդունող թուրքական բանկերի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը ռուս-թուրքական առևտրին լուրջ հարված է հասցրել։

2024 թվականի հունվարից մինչև հունիս ներառյալ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,3%-ով՝ հասնելով 4,16 միլիարդ դոլարի, մասնավորապես, հունիսին նախորդ տարվա նույն ամսվա 956 միլիոն դոլարի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով մինչև 670 միլիոն դոլարի: Ըստ РБК-ի՝ դրա մասին վկայում են թուրքական TurkStat վիճակագրական գործակալության տվյալները։

Թուրքիան կրճատել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը։ Ցուցանիշի նվազումը տարեկան կտրվածքով կազմել է 10,3%՝ հասնելով 22,04 միլիարդ դոլարի։ Ռուսական ներմուծումը դեռևս հաշվառում է էներգառեսուրսները, բայց նույնիսկ դրանց են անդրադրաձել վճարումներին առնչվող խնդիրները։ Մասնավորապես, ինչպես մարտին գրել էր Reuters-ը, թուրքական բանկերում սառեցված վճարումների պատճառով խաթարվել են ռուսական նավթի մատակարարումները, դրանց թվում՝ Հնդկաստան, Չինաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Միաժամանակ Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի (EPDK) տվյալներով՝ Թուրքիան կտրուկ կրճատել է Ռուսաստանից գազի ներկրումը։ Ապրիլին թուրք ներկրողները «Գազպրոմից» գնել են ընդամենը 413 միլիոն խորանարդ մետր գազատար գազ՝ 3,6 անգամ պակաս, քան մեկ տարի առաջվա նույն ամսում (1,523 միլիարդ խորանարդ մետր): Թուրքական ընկերությունները լիովին հրաժարվել են ռուսական հեղուկ գազից. ապրիլին երկրի նավահանգիստները Ռուսաստանից հումք ունեցող ոչ մի լցանավ չեն ընդունել։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանկային վճարումներին առնչվող  խնդիրները ծագել են 2023 թվականի վերջին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ԱՄՆ գանձապետարանին երկրորդական պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների վարկային հաստատությունների դեմ՝ Ռուսաստանի պատժամիջոցների ցանկում ներառված ընկերությունների հետ համագործակցության և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին օժանդակելու համար։ Այս տարվա հունիսին ԱՄՆ-ը ռուսական ռազմարդյունաբերական համալիրի սահմանման մեջ ներառել է նախկինում պատժամիջոցների ենթարկված բոլոր ընկերություններին ու բոլոր ֆիզիկական անձանց։

Այս ֆոնին Կրեմլը դժգոհել է Թուրքիայի վրա ԱՄՆ «բոլորովին աննախադեպ, անթաքույց և ագրեսիվ ճնշումներից»։ Նրանք միաժամանակ  վստահեցրել են, որ թուրքական իշխանությունների հետ երկխոսություն են վարում և խնդրի լուծման ուղիներ փնտրում։

Spread the love