Իսրայելի կաբինետի անդամներին արբանյակային հեռախոսներ են բաժանել հնարավոր պատերազմի սկսվելու և բջջային կապ չլինելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։
«Կառավարության նախարարներին, և ոչ միայն կաբինետի անդամներին, արբանյակային հեռախոսներ են տրվել՝ կապված երկրի վրա Իրանի հնարավոր հարձակումների հետ», – ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականը հայտնում է, որ Իսրայելի կառավարությունը ձգտում է «հնարավորն անել»՝ անխափան հեռախոսակապ ապահովելու համար։ Բարձրագույն ղեկավարությունը ստացել է նախապես գնված արբանյակային հեռախոսներ, իսկ մյուս նախարարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ձեռք բերել դրանք:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական իշխանությունները հնարավոր լայնածավալ պատերազմի վերաբերյալ հրահանգներ են ուղարկել քաղաքացիներին՝ կոչ անելով պատրաստվել էլեկտրական հոսանքի անջատմանը և ռմբապաստարաններում երկար մնալուն։