Մարզվելուց հետո սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է խանգարել մկանային զանգվածի աճին: Այս մասին Daily Mail-ին են պատմել ամերիկացի մարզիչ և սննդաբան Ռոնդա Պատրիկը և Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լյուկ Վան Լունը։
Բժիշկ Վան Լունը նշել է, որ սառը ցնցուղը կարող է թեթևացնել մկանային ցավն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպետք է արվի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժություններից հետո օրգանիզմում արտադրվող հատուկ սպիտակուցների քանակը։
Ըստ ֆիթնեսի փորձագետ Պատրիկի, ծանրություն բարձրացնելու ընթացքում մկանային կառուցվածքում միկրոպատռվածքներ են առաջանում։ Հատուկ սպիտակուցներով լցնելու եղանակով նման միկրովնասվածքների վերականգնման ժամանակ մկանային մանրաթելերը հաստանում են, ինչն էլ հետագայում բարձրացնում է դրանց ուժն ու արդյունավետությունը։ Որքան շատ սպիտակուցներ են սինթեզվում, այնքան մկաններն ավելի լավ են ամրանում և աճում։
Վան Լունի և Մաստրիխտի համալսարանի նրա գործընկերների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սառը ազդեցությունն իսկապես դանդաղեցնում է մկանային զանգվածի աճը: Փորձին մասնակցել են առողջ կամավորներ։ Ուժային վարժություններ կատարելուց հետո նրանք 15 րոպեով մեկ ոտքը ընկղմել են սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ, մյուսը՝ սառը ջրում։ Երկու շաբաթ անց գիտնականները պարզել են, որ կանոնավոր կերպով սառեցվող ոտքի մկանային հյուսվածքը ավելի պակաս արդյունավետ է սինթեզվել:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ սառն ազդեցությունը կարող է բարելավել ինքնազգացողությունը և թեթևացնել ցավը, սակայն նման միջոցառումները հարմար չեն մկաններն աճեցնելու համար: