Եթե տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դրանք, միանշանակ, ոչ միայն պետք է դատապարտելի լինեն, այլև պատշաճ քննություն պետք է իրականացնեն համապատասխան մարմինները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր նկատմամբ ոստիկանների կողմից կատարված բռնության դեպքին։
«Մեր կողմից համապատասխան գործառույթների իրականացումը հրապարակային է եղել։ Դեպքից անմիջապես հետո նախ մեզ ահազանգ է ներկայացրել փաստաբանը, ով հենց քաղաքացու եղբայրն էր։ Մենք ճշտել ենք քաղաքացու գտնվելու վայրը, քանի որ կարծես՝ դրա վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես բացակայում էր։ Իմ հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման այց ենք իրականացրել. արձանագրել ենք թե՛ վնասվածքները, թե՛ լսել ենք քաղաքացուն, լսել ենք նաև մյուս կողմի պարզաբանումները դեռևս բանավոր կարգով։
Եթե բռնության դեպքեր են տեղի ունենում և քննության արդյունքում պարզվում է՝ այստեղ կա այսինչ հանցկազմով մեղավոր անձ, ապա նրանք միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց Մանասյանը։