148 հետազոտությունների ամփոփ ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 4,3 մլն մեծահասակ պացիենտ, որոնք ունեցել են քրոնիկական ցավ եւ ստացել դեղատոմսային ցավազրկողներ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր տասներորդ պացիենտ ափիոնային կախում է ունեցել կամ խանգարում՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ, եւ գրեթե յուրաքանչյուր երրորդն ունեցել է կախման կամ խանգարման նշաններ՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ։ Այս տեսությունում ներկայացված են ավելի ստույգ եւ ավելի շատ անհանգստացնող տվյալներ ափիոնազգիների չարաշահման հետ կապված, քան կարծում էին նախկինում։ Հետազոտությունն իրականացվել է Բրիսթոլի համալսարանի հետազոտողների կողմից, արդյունքները հրապարակվել են Addiction գիտական ամսագրում։
Այնպիսի ընկերություններ, ինչպիսին է օկսիոկոնտին արտադրող Purdue Pharmaն, հավաստիացնում են, որ 1 տոկոսից էլ քիչ դեպքերում ափիոնազգիների նշանակումը հանգեցնում է խնդիրների պացիենտների մոտ։ Այս նոր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նման հայտարարությունները զգալիորեն նվազեցնում են ափիոնազգիների չարաշահման վտանգը։ Հետազոտողները 148 հետազոտությունները բաժանել են չորս հիմնական կարգերի՝ կախված այն բանից, թե ինչպես են դրանցում պարզվել ափիոնազգիների օգտագործման հետ կապված խնդիրները։
Առանձնացվել են 43 հետազոտություններ, որոնցում այդ խնդիրները բացահայտվել են ախտորոշման կոդերի օգնությամբ։ 44 հետազոտությունում, որոնցում ուսումնասիրվել է ափիոնազգիներից կախումն ու խանգարումը, պարզվել է հակում, հանդուրժողություն կամ աբսիստենցիա, առանց հատուկ ախտորոշիչ կոդերի օգտագործման։ 76 հետազոտություն նշել է շեղիչ վարքի մասին. նկատվել է անհանգստություն առաջացնող վարք՝ պաշարների ժամանակից շուտ համալրում, չափի կրկնակի ավելացում կամ դեղատոմսերի հաճախակի կորուստ։ 8 հետազոտություններում ուսումնասիրվել են այն բնութագրումները, որոնք կարող են ավելացնել ափիոնազգիներից կախվածությունը կամ խանգարումը՝ կապված չարաշահման հետ։ Սակայն այս բնութագրերը չեն մտնում շեղիչ վարքի կարգի մեջ՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ։
Որոշ հետազոտություններում տեղեկացվել է մի քանի արդյունքների մասին, որոնք ստացվել են նույն մասնակցից տարբեր գնահատականների օգտագործման արդյունքում, ուստի հետազոտությունների ընդհանուր թվաքանակը գերազանցել է 148-ը։ Ափիոնազգիների խնդրահարույց օգտագործման տարածվածությունը (հաճախակիությունը) յուրաքանչյուր կարգում հետեւյալն է. կախում եւ խանգարում՝ կապված ափիոնազգիների օգտագործման հետ. 9,3 տոկոս կամ 10 պացիենտից մոտ 1-ը։
Ափիոնազգիների չարաշահման հետ կապված կախման կամ խանգարման նշանները եւ ախտանշանները՝ 29,6 տոկոս, այսինքն՝ 3 պացիենտից մոտ 1-ը։ Շեղիչ վարք՝ 22 տոկոս, այսինքն՝ 5 պացիենտից 1-ը։ Կախման եւ խանգարման առաջացման վտանգը՝ 12,4 տոկոս, այսինքն՝ 8 պացիենտից մոտ 1-ը։