Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ այսօր կազմակերպել էին միջոցառում, որին ներկա է գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ես, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Նախարարը՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորել է ոլորտի, մասնագետների աճն ու անընդհատ զարգացումը ժամանակի պահանջներին համահունչ։
Իր ելույթում արժևորելով շինարության դերն ու նշանակությունը երկրի տնտեսության զարգացման մեջ՝ Սանոսյանը նշել է, որ ամեն տարի ոլորտի առջև նոր խնդիրներ են դրվում՝ հաշվի առնելով երկրում իրականացվող հսկայական շինարարության ծավալները և առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր՝ ինչպիսիք են ՀՀ-ում նոր ատոմակայնի և Ակադեմիական քաղաքի կառուցումը։
«Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ»,-ընդգծել է Սանոսյանը իր ելույթում։
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։