2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով ՃՏ 983 պատահար, 38 մահ, 1150 վիրավոր: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այլ կերպ ասած` վիճակագրությունը գրեթե չի փոխվել: Նշենք նաև, որ մահերի գերակշիռ մասը վրաերթի հետևանք է:
Ամեն մի պատահար ուսումնասիրելիս իրավապահները, մարդկային գործոնը զննելուց բացի, հատուկ ուշադրություն են դարձնում վթարին կամ վրաերթին նպաստող հանգամանքների վրա: Դրանք կարող են լինել փողոցի վատ լուսավորությունը, ճանապարհային նշանների և գծանշանների բացակայությունը կամ վատ երևալը, ասֆալտի վիճակը: Պատահարներին նպաստող հանգամանքները մանրամասն նշելուց հետո Երևան քաղաքի վարչության ՃՏ հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանն ավելացնում է. «Վերը նշված պատճառները նվազեցնելու և բացառելու համար նախաքննական մարմնի կողմից միջնորդագրեր են ներկայացվում պետական իրավասու մարմիններին և պատասխանատու անձանց: 2023 թվականին 32 նմանատիպ միջնորդագիր է ուղարկվել տեղական ինքնակառավարման մարմիններ և պատասխանատու անձանց, և դրանց մեծ մասը բավարարվել է»:
Պատահարները կանխելու հիմնական միջոցներից են պատշաճ կատարված գծանշումները, ճանապարհային նշաններով կահավորումը: Հաճախ երեկոյան ժամերին խնդիր է վատ լուսավորությունը կամ դրա իսպառ բացակայությունը: Սրանք հարցեր են, որ, ցավոք, դեռ ամբողջությամբ լուծված չեն:
Գծանշումներն արագ ջնջվում են, հատկապես ամռանը եղած ճանապարհային նշաններն էլ տեղ-տեղ դառնում են անտեսանելի` թաքնվելով տերևների հետևը: Մի խոսքով, խնդիրները շատ են և գուցե չեն կարգավորվում ցանկալի արագությամբ:
Այս թեմայով իր կարծիքն ասաց նաև «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմադիր Լևոն Հարությունյանը:
«Նոր կատարված գծանշումները շատ անորակ են, և նույնիսկ եթե երթևեկությունը փոխվում է ինչ-որ մի ձևից ուրիշի` նոր գծանշումները կարող են ջնջվել, ու մնան հին գծանշումները: Ենթադրում եմ, որ ներկի որակը պետք է լավը լինի, և հին գծանշումները պարտադիր պետք է մաքրվեն, դրանք պետք է չերևան, թե չէ` շփոթութան մեջ կարող են գցել մարդկանց»:
Երթևեկության մշակույթում կարևոր տեղ ունեն պատշաճ գծանշված և կահավորված, նաև լուսավորված ճանապարհները: Շատ կարևոր է երթևեկության ճիշտ կազմակերպումը, այսպես ասած` խաչմերուկ առ խաչմերուկ:
ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը նշում է. «Ճանապարհային ոստիկանությունը պարեկային ծառայության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուսումնասիրություններ է կատարում Երևան քաղաքում` խաչմերուկների թողունակությունը բարելավելու նպատակով: Երևանում կա լուսացույցով կարգավորվող 260 խաչմերուկ և հետկանչով հետիոտնային 122 լուսացույց: Բոլոր խաչմերուկներում ուսումնասիրություններ ենք կատարել»:
Հետկանչի հետիոտնային լուսացույցի 46 անցումում արդեն օպտիմալացվել է հետիոտնի անցնելու ժամանակը, մի քանի հատվածներում կիրառվել է շրջանաձև երթևեկություն, իսկ, օրինակ, Արգիշտիի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում տեղափոխվել է հետիոտնային անցումը. այժմ Արգիշտիի փողոցից աջ թեքվողները ստիպված չեն լինի սպասել հետիոտների անցնելուն:
Նման փոփոխություններ, որ երկարատև ու մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունք են, կատարվում են մայրաքաղաքի ողջ տարածքում: Ընդ որում, յուրաքանչյուր փոփոխությունից հետո խաչմերուկը դեռ մնում է ուշադրության կենտրոնում. արդյո՞ք փոփոխությունը նպատակին հասավ, չե՞ն առաջացել այլ խնդիրներ: Մի խոսքով, առանց ամենօրյա և շուրջօրյա հետևողականության այս հարցում բարելավումն ակնկալելի չէ, և ոստիկաններն անում են հնարավորը:
Նույն կերպ` հնարավորն է կատարվում նաև միջպետական ու հանրապետական ճանապարհներին:
«Պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհներին, և արդյունքում հայտնաբերել ենք ավելի քան հիսուն վտանգավոր տեղ, որոնք կոչում ենք սև կետեր: Կատարվել են համապատասխան առաջարկություններ, դրանք ընդունվել են, աշխատանքները կատարվել են, որի արդյունքում էապես նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները»,-ասում է Կոստանտին Կոստանյանը:
Նման ուսումնասիրությունների ընթացքում հատկապես հաշվի է առնվում պարեկային ծառայողների կարծիքը. ի վերջո` նրանք են անմիջականորեն լինում պատահարի վայրերում, իրենց աչքով կարողանում են գնահատել իրավիճակը և անել հետևություններ:
«Ուսումասիրում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերը ու նաև ծանր հետևանքով ՃՏՊ-ների վայրերը, և եթե արդյունքում պարզվում է, որ կա որևէ գործոն, որով հնարավոր է կանխել ապագայում նույն վայրում նմանատիպ մեկ այլ պատահար, ապա Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ մշակում ենք առաջարկություններ, որոնք ներկայացվում են համապատասխան ճանապարհատնօրինող մարմիններին` համայնքներին կամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի կատարվեն համապատասխան փոփոխություններ»,-ասում է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:
Հանրապետության ճանապարհներին պատահարները կանխելու նպատակով մարզերում տեղադրվել են արագաչափեր, տեսալուսանկարահանող համակարգեր, լուսացույցեր, ստեղծվել են արհեստական արգելաբլրակներ, մի քանի հատվածներում կազմակերպվել է շրջանաձև երթևեկություն և այլն: Տեղադրվել են նաև հետիոտների մուտք արգելող պատնեշներ:
Ի դեպ, գիտությունը կանգ չի առնում նաև արագաչափերի ու տեսահսկող այլ միջոցների հարցում: ՆԳ նախարարութունը նախաձեռնել է գործընթաց, որով կարդիականացվի «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի ողջ համակարգը:Բերենք արդիականացման մեկ օրինակ: Արագության գերազանցումը ծանր հետևանքների հանգեցնող հիմնական պատճառներից է: Այս առումով արագաչափերի կիրառումն արդյունավետ է, բայց միայն սարքի տեսադաշտում եղած ճանապարհահատվածում, քանի որ կարգազանց վարորդները միայն այդ տեղերում են դանդաղեցնում ընթացքը:
Հայաստանում կգործի նաև այնպիսի համակարգ, որի կիրառումը հնարավորություն կտա արագության գերազանցումն արձանագրել ամբողջ ճանապարհին:
Դիցուք` ճանապարհին դրված երկու արագաչափերի միջև տարածությունը 30 կիլոմետր է, և թույլատրված առավելագույն արագության դեպքում այն հնարավոր է անցնել 20 րոպեում: Իսկ եթե երկու արագաչափերի համակցված աշխատանքի արդյունքում պարզվում է, որ տրանսպորտային միջոցն այդ տարածությունն անցել է, ասենք, 10-12 րոպեում, համակարգն արձանագրում է, որ վարորդը գերազանցել է արագությունը:
Այս մեթոդը նոր չէ, այն արդեն փորձարկվել ու հաջողությամբ կիրառվում է շատ երկրներում, ուստի խորհուրդ ենք տալիս հատկապես արկածախնդիր վարորդներին` աստիճանաբար հարմարվել մշտապես թույլատրելի արագությամբ վարելու ռեժիմին` հետագայում ոչ միայն պատահարներից, այլև վարչական պատասխանատվությունից խուսափելու համար:
Հանրապետության ճանապարհներին ծանր հետևանքներով պատահարները գոնե մասամբ կանխելու համար մի առաջարկ էլ ներկայացնում է «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմադիր Լևոն Հարությունյանը.
«Մեր ճանապարհներն այնպես են, որ հանդիպակաց բախմամբ վթարներից դեռ չենք կարող խուսափել. ճանապարհները փոքր են, նեղ: Բայց, օրինակ Հյուսիս-հարավում առաջարկում եմ` հենց պատրաստի հատված է լինում` անմիջապես բացել: Այս պահի դրությամբ շատ մեծ հատված կա, որ պատրաստ է, բայց բաց չի: Այսինքն` ինչքան շուտ բացեն բաժանարար գոտիով ճանապարհը, այնքան վթարներն ու մահերը քիչ են լինելու»:
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հետիոտների իրավախախտման հետևանքները նշելուց հետո ուշադրություն է հրավում նաև մի նրբերանգի վրա: «Մեր հետիոտները, երբ չկարգավորվող, այսինքն լուսացույց չունեցող հետիոտնային անցումով պիտի հատեն, չգիտես ինչու` նրանց թվում է, թե վարորդը միշտ կարող է զիջել: Վարորդը ոչ միշտ կարող է զիջել, և մեր հորդորն է հետիոտներին, որ անցում կարելի է մուտք գործել միայն այն պայմաններում, երբ վստահ եք, որ վարորդը կհասցնի ձեզ զիջել: Որովհետև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը որոշակի ժամանակ և տարածություն է պահանջում, և եթե նույնիսկ գիտակցի, որ ինքը պարտավոր է զիջել, վարորդը կարող է պարզապես չհասցնել: Ի վերջո, վրաերթի պարագայում տուժող լինում է հենց հետիոտնը: Գրեթե նույն վիճակն է նաև լուսացույցով կարգավորվող խաչմերուկներում»:
Ընդհանրապես, շատ հետիոտներ փողոցն անցնելիս շարունակում են լսել երաժշտություն, հեռախոսով խոսել, ինչը նույնպես անվտանգ չէ: Ուշադրության կենտրոնացում է հարկավոր նաև փողոցը հատելիս, բայց սա արդեն Մարդկային գործոնի բաժնից է:
Մանրամասները՝ ՆԳՆ կայքում: