Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կազանում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Դրա մասին հայտնել է թուրքական Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։

Ավելի վաղ Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ թուրքական իշխանությունները մի քանի ամիս առաջ են դիմում ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար։

Գործակալության տվյալներով՝ միավորման ընդլայնման հարցը կքննարկվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք գագաթնաժողովում, որտեղ հրավիրված է Էրդողանը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու դիմում է ներկայացրել, և այն կքննարկվի։

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել Habertürk-ի հաղորդագրությունը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին միանալու Անկարայի դիմումի մասին լուրերը, սեպտեմբերի 3-ին հայտարարել է, որ Էրդողանը բազմիցս անդրադարձել է միավորմանն անդամակցելու Թուրքիայի ցանկության մասին, սակայն դեռևս հստակ որոշումներ չկան։

Spread the love