Ղրղզստանում անցկացվող «Փոխգործակցություն-2024» զորավարժություններում պետք է հատուկ ուշադրություն դարձնել անօդաչուներին եւ դրանց դեմ պայքարին, շաբաթ օրը տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկայում իրադրությունն աշխարհում բնութագրվում է ռազմավարական անկայունությամբ, պահպանվում է տարածաշրջանային հակամարտությունների սրությունը։ Կենտրոնաասիական տարածաշրջանում բարձր մակարդակով պահպանվում են ռիսկերն ու մարտահրավերները՝ կապված միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի, թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական տարածման հետ»,- հայտնել է շտաբի պետը զորավարժությունների բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ զորավարժությունների հիմնական նպատակը կառավարման մարմինների պատրատվածության, ուժերի ձեւավորման եւ հավաքական անվտանգության համակարգի միջոցների ապահովումն է։
«Մենք հաշվի ենք առել ժամանակակից զինված հակամարտությունների փորձը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել անօդաչու թռչող սարքերի կիրառմանը եւ դրանց դեմ պայքարին, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին, ինչը ներկայում առավել հրատապն է մարտադաշտում։ Այս անգամ մեր գործնական գործողություններն իրականացվելու են նաեւ ջրային ավազանում՝ մարտական նավակների կիրառմամբ»,- ասել է Սերդյուկովը։
Նա ավելացրել է, որ նախատեսվում է մշակել փոխադարձ գործողությունների տարբերակներ, որոնք հետագայում կօգտագործվեն Հավաքական ուժերի կողմից իրական պայմաններում։
Սեպտեմբերի 3-15-ին Ղրղզստանի տարածքում անցկացվում են «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024» եւ «Էշելոն-2024» զորավարժությունները ՀԱՊԿ շրջանակում։ Դրանց մասնակցում են Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Հայաստանն այդ զորավարժություններին չի մասնակցում։ Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է մշակել ռազմական հետախուզության, համատեղ գործողությունների պատրաստման եւ անցկացման հարցերը ռազմական հակամարտությունների դեպքում։