Նախագծի նպատակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում եւ իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացումն է, այս ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելումը, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանների վերացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր` 206.20-րդ հոդվածով, որը վերաբերում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելուն: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է ԱԱԾ-ին` համապատասխան լրացում կատարելով օրենսգրքի 224.1 հոդվածում` միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: Նախագծի ընդունումը խթան կհանդիսանա կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ գաղտնիության ռեժիմի ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումների ու պաշտոնատար անձանց կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման ուղղությամբ, միաժամանակ հանդիսանալով լրացուցիչ կանխարգելիչ միջոց` հայտնաբերված թերությունները եւ խախտումները հետագայում չկրկնելու, դրանց ծավալն էականորեն կրճատելու համար:
Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Ալեքսանյանը:
Նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի` սեպտեմբերի 10-ի նիստում: