Հունիսի 17-ն առաջարկվում է սահմանել Հայրերի օր

Առաջարկվող նախագծով նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ սեպտեմբերի 9-ի ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող լրացումը:

Զարուհի Բաթոյանի խոսքով սա միջազգային օր չէ. յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում օրը:

Պատգամավորը հույս է հայտնել, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նոր հնարավորություններ եւ առիթ կստեղծի՝ նորովի վերագնահատելու հայրերին եւ նրանց դերը երեխաների ու ընտանիքի կայացման հարցում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տրդատ Սարգսյանը:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Կառավարությունն առարկություններ չունի եւ սատարում է այս նախաձեռնությունը:

Spread the love