Մանգանի ցածր մակարդակը կարող է խորացնել աղիների բորբոքային հիվանդությունը։ Այս մասին վկայում է Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտությունը։
SLC39A8 գենը պատասխանատու է այն սպիտակուցի արտադրման համար, որն ապահովում է մանգանի ու ցինկի մակարդակը։ Գիտնականները պարզել են, որ մուտացիաները LC39A8 գենում կապված են մանգանի դեֆիցիտի բարձր վտանգի հետ։ Այդ մուտացիաները հաճախ հանդիպում են աղիների բորբոքային հիվանդություններ՝ Կրոնի հիվանդություն եւ կոլիտ ունեցող մարդկանց մոտ։ Հայտնաբերված փոխադարձ կապը հաստատում է հիպոթեզն այն մասին, որ մանգանի դեֆիցիտը բարձրացնում է աղիների հիվանդությունների վտանգը։
Մանգանը անհրաժեշտ է օրգանիզմի շատ համակարգերի աշխատանքի համար, ներառյալ իմունիտետը, ոսկրային հյուսվածքի գոյացումը եւ ածխաջրերի փոխանակումը։ Այդ հանքանյութը պարունակվում է բուսական մթերքներում՝ ամբողջահատիկներում, լոբազգիներում, բրնձի, ընկույզների եւ բանջարեղենների մեջ։ Կենդանական մթերքներով հարուստ ժամանակակից դիետան կարող է հանգեցնել մանգանի անբավարարության։ Զարգացած երկրներում վերջին 15 տարիներին մանգանի սպառումը նվազել է ավելի քան 40 տոկոսով, նշում են հետազոտության հեղինակները։ Հավանաբար, դա կարող էր հանգեցնել աղիների բորբոքային հիվանդությունների տարածման։