Բարիատրիկ վիրաբուժությունը երիկամների պաշտպանության արդյունավետությամբ գերազանցում է դիաբետի GLP-1 դեղամիջոցներին. հետազոտություն

Քլիվլենդի կլինիկայի հետազոտությունը ցույց է տվել, որ 2-րդ տեսակի դիաբետ, ճարպակալում եւ երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող պացիենտների մոտ բարիատրիկ վիրահատությունը ասոցիացվում է երիկամների քրոնիկական հիվանդության զգալի նվազման հետ նրանց համեմատ, ովքեր ստացել են GLP-1 դեղեր դիաբետի բուժման համար։ Աշխատանքը հրապարակվել է Annals of Surgery ամսագրում։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ 7 մեծահասակ ամերիկացուց մեկը տառապում է երիկամների քրոնիկական հիվանդություններով, որոնք կարող են հանգեցնել երիկամային անբավարարության։

Հետազոտությունում ներառվել է 425 մեծահասակ պացիենտ (18-75 տարեկան), որոնք ունեցել են 2-րդ տեսակի դիաբետ, ճարպակալում եւ երիկամների քրոնիկական հիվանդություն 3-դ կամ 4-րդ փուլի։

183 պացիենտ ենթարկվել է բարիատրիկ վիրահատության, 242 պացիենտ ստացել է GLP-1 դեղեր։ Պացիենտները բարիատրիկ վիրահատության են ենթարկվել 2010-2017թթ. կամ մշտապես ստացել են GLP-1 դեղեր, որոնք արժանացած են եղել FDA-ի հավանությանը։ Ոչ վիրաբուժական խմբում առավել տարածված GLP-1 դեղերն են եղել լիրագլուտիդը եւ էկսենատիդը։ Դիտարկման ժամանակ պացիենտների 20 տոկոսը ոչ վիրաբուժական խմբից ինչ-որ պահի ստացել է նոր GLP-1 դեղեր՝ սեմագլուտիդ (Ozempic) կամ տիրզեպատիդ (Mounjaro)։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ բարիատրիկ վիրաբուժությունը կարող է պաշտպանել երիկամները եւ կանխել դրանց ֆունկցիայի վատացումը։ Ճարպակալում եւ 2-րդ տեսակի դիաբետ ունեցող  պացիենտների մոտ, որոնց համար արդեն ախտորոշվել է երիկամների քրոնիկական հիվանդություն, բարիատրիկ վիրաբուժությունը կարող է փոխել հիվանդության ընթացքը»,- հայտնել բժշկության դոկտոր, հետազոտության առաջատար հեղինակ, Քլիվլենդի կլինիկայի բարիատրիայի եւ մետաբոլիզմի ինստիտուտի տնօրեն Ալի Ամինիանը։

Spread the love