Մրցակցությունը հայկական թվային շուկաներում՝ քննարկում  ԱՄՆ առևտրի դեպարտամենտի CLDP ծրագրի, ՄՊՀ-ի և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում մշակվել է էլեկտրոնային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys)  վերաբերյալ զեկույց:

Փաստաթղթում բարձրացված հիմնահարցերին անդրադառնալու  նպատակով սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվել է քննարկում՝ ծրագրի փորձագետների, ՄՊՀ-ի,  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում թվային շուկաներին առնչվող հարցերը, առկա են իրականացված վարույթներ, ոլորտային ուսումնասիրություններ: Ավանդական շուկաների համեմատությամբ թվային շուկաներն ընդգծված առանձնահատկություններ ունեն, որոնց համապատասխան կարգավորումների նախատեսումը օրակարգային է  մրցակցային մարմինների համար ամբողջ աշխարհում: Ի դեպ, այդ ուղղությամբ  մասնագիտական տեսակետներն ու մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ հաճախ միանշանակ չեն:

Միջոցառման երեք օրերի ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել թվային շուկաներում մրցակցային իրավախախտումների վերաբերյալ, ներկայացվել են ԱՄՆ, ԵՄ և ՀՀ փորձի ուշագրավ օրինակներ:

Spread the love