ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից աշխատանքային տարիքի փախստականների աշխատանք ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակ են, ինչը դժվարացնում է նրանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը:
Ըստ ԱՄԿ-ի՝ աշխատաշուկայի վրա ճգնաժամի ազդեցությունը կարող է զգալի լինել ավելի մեծ խմբերի համար։ Ճգնաժամից առաջ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը նվազման միտում ուներ, սակայն ներկայիս իրավիճակը, հավանաբար, կարող է կանգնեցնել կամ, վատագույն սցենարով, թուլացնել առաջընթացն՝ ազդեցություն ունենալով աշխատանքային պայմանների և աշխատողների իրավունքների վրա, եթե ուղեկցող միջոցառումները չկանխեն այն։
Այս համատեքստում «ԱՄԿ-ն պատրաստ է հատկացնել ֆինանսական միջոցներ և մոբիլիզացնել տարբեր ոլորտների այդ թվում՝ զբաղվածության, աշխատանքի չափորոշիչների, ձեռնարկությունների և գենդերային հավասարության մասնագետներ՝ աջակցելու Հայաստանի տևական վերականգնմանը ճգնաժամից հետո», – նշել է ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող Գրասենյակի Տնօրեն Միխայիլ Պուշկինը: Նա հավելել է, որ նոր նախաձեռնության շրջանակներում ԱՄԿ-ն համագործակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատողների և գործատուների կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալությունների հետ։
Խոսելով ոչ ֆորմալ տնտեսության և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրների լուծման բարդության մասին, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի (AP/FORMALIZATION) տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրն ընդգծում է՝ «մենք պետք է աշխատենք մի քանի ուղղություններով միաժամանակ․ կանխել աշխատաշուկայի ոչ ֆորմալացումը՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, աջակցելով փախստականներին աշխատանք ձեռք բերելու հնարավորությունների մատչելիություն ունենալու հարցում, ստեղծելով առավել արդյունավետ զբաղվածություն ունենալու հնարավորություններ և կայուն ձեռնարկությունների համար բարենպաստ միջավայր»:
Հայաստանի տնտեսությունը վերջին երկու տարիներին բարձր աճ է գրանցել:
«Տնտեսական աճը հանդիսանում է զբաղվածության ոչ ֆորմալացումը նվազեցնելու նախապայման, սակայն այդ գործընթացն ավտոմատ բնույթ չի կրում»,- ասում է Լապեյրը՝ ընդգծելով լավ մշակված և համակարգված քաղաքականության միջամտությունների կարևորությունը:
Հայաստանի համար բաց է ոչ ֆորմալ զբաղվածության հետ կապված մշտական մարտահրավերների հաղթահարման հնարավորությունների պատուհանը: ԱՄԿ-ի նոր նախաձեռնության նպատակն է տնտեսական աճի նոր թափը վերածել արժանապատիվ աշխատանքի ստեղծմանը և խորը արմատավորված ոչ ֆորմալ զբաղվածության ֆորմալացմանը՝ ուշադրության կենտրոնում պահելով փախստականներին։