Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 40 միլիոն դրամ է տրամադրում Արցախի երեխաներին

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (ՀԵԱՀ) ակտիվորեն ներգրավված է Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող երեխաների առողջական խնդիրների լուծման գործում: Հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի, ԱԿԲԱ բանկի և Հայ ավետարանչական ընկերակցության հետ, ներգրավել է շուրջ 40,000,000 դրամ՝ աջակցելու քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական խնդիրներ և լեյշմանիոզ ունեցող երեխաների բուժմանը:

Մեկամյա ծրագրի շրջանակներում 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀԵԱՀ-ը նվիրաբերել է անհրաժեշտ դեղորայք Արաբկիր բժշկական կենտրոնին, Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին և Մուրացան հիվանդանոցին, որոնք օգտագործվել են տեղահանված երեխաների բուժման համար: Դրանից բացի, Հիմնադրամը մի խումբ երեխաների աջակցել է նաև  ուղղակիորեն՝ դեղորայք ու թանկարժեք հետազոտություններ ֆինանսավորելով: Նշված ժամանակահատվածում շարունակական աջակցություն ստացած արցախցի երեխաների թիվը շուրջ 150 է:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորել է այս ծրագրի նշանակությունը. «Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա ստանա անհրաժեշտ բուժում՝ անկախ նրա սոցիալական կամ ֆինանսական հնարավորություններից, իսկ այժմ արցախցի բազմաթիվ երեխաներ գտնվում են լրացուցիչ խոցելի պայմաններում: Մենք շնորհակալ ենք մեր հովանավորներին, որոնց աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակել այս կարևոր ծրագիրը՝ պաշտպանելով և բժշկական աջակցություն ցուցաբերելով մեր արցախցի բալիկներին»:

Պետք է նշել, որ Հիմնադրամի աջակցությունը ներառել է այնպիսի դեպքեր, որոնք չեն ֆինանսավորվել պետական պատվերի ու այլ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Տրամադրված դեղերի հիմնական մասը ոչ միայն թանկարժեք է, այլ նաև՝ դժվարամատչելի։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը շարունակում է այս և մի շարք այլ ծրագրեր՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն երեխաներին, որոնք ունեն ծանր առողջական խնդիրներ և կարիք ունեն շարունակական և որակյալ բուժման: Հիմնադրամի գործունեությանը ծանոթանալու և աջակցելու համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ https://hfc.am:

 

Spread the love