Ինչպես ասում են ամենատարբեր իրավիճակներում վնասվածքներ ստանալու ռիսկից ապահովագրված չէ մեզանից ոչ ոք, իսկ կյանք փրկելու համար երբեմն մեկ վայրկյանն էլ չափազանց կարևոր է, հատկապես այն դեպքում, երբ շտապ օգնության մեքենան ուշանում է: Ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին տիրապետելը պարտադիր է հատկապես նրանց համար, ում աշխատանքը կապված է երեխաների հետ:
Հենց այս պատճառով էլ օրերս ԱՍՀՆ Խարբերդի մասնագիտացված մանկատուն էին այցելել «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության գործընկեր «Medical Response Armenia»-ի մասնագետներ Նայիրի Կարապետյանն ու Լինն Քոջամանյանը: Նրանց այցի նպատակն էր վերապատրաստել մանկատան աշխատակիցներին: Դասընթացի արդյունքում ավելի քան 40 մասնակիցներ հնարավորություն ունեցան թարմացնել, նորացնել և հարստացնել իրենց գիտելիքները «Հիմնական կենսաապահովման» և «Սիրտ-թոքային վերակենդանացման» հմտություններում:
Դասընթացի ընթացքում կիրառվող պրոֆեսիոնալ մանեկենների առկայությունը հնարավորություն տվեց դասախոսություններից զատ անցկացնել նաև գործնական պարապմունքներ: Սա առավելություն էր ընձեռում վերապատրաստվող մասնագետներին իրենց ստացած գիտելիքները կիրառել իրական թվացող իրավիճակներում:
Ծրագիրը հաջողած բոլոր մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիտներ, ինչպես նաև մասնակցության հավաստագրեր: