Մերձավորարեւելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արեւելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ թեեւ ՄԱԿ ԱԽ-ը եւ Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձեւեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։
«10 օր առաջ Գլխավոր վեհաժողովը հավանություն տվեց Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությանը, որում ոչ երկիմաստորեն խոսվում է պաղեստինյան հողերի իսրայելական օկուպացիայի անօրինական բնույթի եւ հրադադարի անհրաժեշտության մասին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունն աջակցել է այդ նախաձեռնությանը՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար եւ երկարաժամկետ կարգավորմանը եւ պաղեստինցիների սեփական անկախ պետության ստեղծման իրավունքին 1967թ. պետական սահմանների շրջանակում Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- ավելացրել է նա։
Լավրովի խոսքով՝ կա ՄԱԿ ոչ երկիմաստ որոշումը, եւ ընդհանուր խնդիրն է դրա կատարման ապահովումը։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում… ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր, իսկ շարունակվող գնդակոծությունների կադրերը տարածվել են ողջ աշխարհում»,- նշել է նա։