Երաշտը, տեղատարափ անձրեւները եւ հրդեհները Ասիայից մինչեւ Ամերիկա մտահոգվելու առիթ են տալիս բերքի հետ կապված։ Դա հանգեցնում է պարենի գների բարձրացման, ինչը կարող է ի վերջո հանգեցնել մարդկանց ծախսերի ավելացման, տեղեկացրել է Bloomberg-ը։
Bloomberg-ի գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը, որը ներառում է ինը հիմնական մթերքներ, ցուցադրում է 7 տոկոս ամսական աճ, ինչն առավելագույն ցուցանիշն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պահից, որն առաջացրել է շուկաների կտրուկ աճ 2022թ. սկզբին։
Թեեւ ինդեքսը դեռ հեռու է այդ տարվա բարձրակետային մեծությունից, աճը տեղի է ունենում Բրազիլիայից մինչեւ Վիետնամ եւ Ավստրալիա երաշտի ֆոնին՝ սպառնալով շաքարի, հացահատիկի եւ սուրճի արտադրությանը։
«Մենք վերջերս դարձանք եղանակային պայմանների վատացման վկաները, ինչը հանգեցրեց գների աճի», քանի որ մատակարարումների անորոշությունը նշանակում է, որ գնորդները պատրաստ են վճարել ավելին, ասել է Մայքլ Ուայթհեդը՝ ANZ Group Holdings Ltd-ի ագրոբիզնեսի վերլուծաբանական բաժնի ղեկավարը։
Դա նշանակում է շրջադարձ այս տարվա սկզբի համեմատ, երբ սննդամթերքների գները զգալիորեն զսպվում էին ավելի մեծ առաջարկով եւ թուլացող պահանջարկով կարեւոր շուկաներում, ինչպիսին է Չինաստանը։ Եթե աճը շարունակվի, դա կարող է ազդել սուպերմարկետների գների վրա, ասել է Դենիս Վոզնեսենսկին (Commonwealth Bank of Australia-ի կայուն գյուղատնտեսական էկոնոմիկայի գծով փոխտնօրեն)։
Գյուղատնտեսական ինդեքսը հետեւում է հիմնական մթերքներին, որոնք օգտագործվում են անասունների կերակրման, քաղցրացնող ըմպելիքների եւ հացի պատրաստման համար։ Այլ մշակաբույսեր, ինչպիսին է կակաոն, որոնք անհրաժեշտ են շոկոլադի արտադրության համար, թանկացել են 2024թ. Արեւմտյան Աֆրիկայում դեֆիցիտից հետո, իսկ եղանակային փոփոխությունները հանգեցրել են բանջարեղենների գների կտրուկ աճի որոշ երկրներում։
Չիկագոյում հացահատիկի ֆյուչերսները թանկացել են սեպտեմբերին այն մտահոգությամբ, որ վատ եղանակը արտահանող երկրներում կարող է էլ ավելի կրճատել համաշխարհային պաշարները, որոնք արդեն մոտենում են իննամյա նվազագույնին։ Ավստրալական դաշտերը բախվել են ինչպես երաշտի, այնպես էլ ցրտահարության սպառնալիքներին, իսկ անձրեւների բացակայությունը Սեւ ծովի տարածաշրջանում հետաձգում է հաջորդ տարվա ցանքսը։
«Արաբիկա» տեսակի սուրճը հասել է ամենաբարձր մակարդակին 2011-ից, քանի որ վատ եղանակը ազդում է ծառերի վրա ծաղկելու վճռական փուլում։ Սովորաբար սուրճի ավելի էժան՝ «ռոբուստա» տեսակը եւս տուժել է վատ եղանակից՝ այն գրեթե նույքան թանկ դարձնելով։ Երաշտը Վիետնամի սուրճի դաշտերում, որին հաջորդել են հեղեղները, վնաս է պատճառել հիմնական արտադրողի բերքահավաքին։
Երաշտը Բրազիլիայի հյուսիսային եւ կենտրոնական մասերի մեծ մասում, հավանաբար, կշարունակի սպառնալ բերքին, հայտնել են JPMorgan Chase-ի վերլուծաբանները անցած շաբաթվա հաշվետվությունում։ Բացի այդ, թրեյդերները հետեւում են մերձավորարեւելյան եւ սեւծովյան լարվածությանը եւ այն բանին, թե ինչպես է ԱՄՆ գալիք ընտրությունների ելքն ազդելու Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների վրա։
Այս ամենը նշանակում է ավելի շատ խնդիրներ մատակարարումների ողջ շղթայում՝ ֆերմերներից մինչեւ սպառողներ, որոնք ավելի շատ են վճարում բուրգերների համար։ Իսկ հեջ-ֆոնդերը հաշվարկը կատարում են հետագա շահույթի վրա՝ ավեալացնելով շաքարի, սոյայի եւ կակաոյի գները։