Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ ՖԵՄԻՆՆՈ հարթակի նախաձեռնած «STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 150 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Եռամսյա ծրագրի ընթացքում 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։
Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 7-11-րդ դասարաններում սովորող 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են անծանոթ միջավայրում աշխատելը և թիմային հարաբերություններ կառուցելը, մրցույթն անցած երեխաներից կազմվել էր 25 թիմ՝ մարզային խառը բաշխվածությամբ, յուրաքանչյուրում՝ մինչև 8 մասնակից։
«STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի կարգախոսն էր «Աղջիկները պետք են գիտությանը», իսկ նախաձեռնության մրցութային բնույթը թույլ էր տալիս մասնակիցների մեջ խրախուսել մրցակցությունը և դրա հիման վրա՝ առավել մեծ ջանքեր ներդնելով արդյունքի հասնելու ձգտումը։
«Մենք հիացած ենք տեսնել մեր գաղափարի իրականացումն ու այս հրաշք աղջիկների ոգեւորությունը։ Պարտադիր չէ, որ նրանք բոլորը գիտությամբ զբաղվեն ապագայում, բայց այս մրցույթը հաստատ շատ բան է փոխել կրթության ու ուսումնառության շուրջ նրանց պատկերացումներում։ Ես չեմ կասկածում, որ մի օր իսկապես հպարտանալու ենք նաեւ այս աղջիկներից շատերի նվաճումների համար», – նշում է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր և նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։
Կազմակերպիչները հոգացել էին, որ մրցույթում, այդուհանդերձ, պարտվողներ չլինեն։ Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ արդյունքում հաղթող ճանաչվեցին 5 թիմեր, ովքեր արժանացան «ամենա-ամենա» անվանակագին ու տեխնոլոգիական նվերների, իսկ մյուսների համար սահմանվել էին հատուկ խրախուսական անվանակարգեր՝ համապատասխան նվերներով։ Հաղթող թիմերից մեկն առաջին օգնությանը պատրաստ լինելուն ուղղված սեղանի խաղ էր ստեղծել, մյուսը՝ քիմական տարրերի աղյուսակն էր թվայնացրել ու այլ թվային գործիքներով հեշտացրել քիմիայի ուսուցումը, մեկ այլ թիմ STEM կոմիքսների շարք էր մշակել դպրոցականներին գիտությամբ հետաքրքրելու համար, 4-րդ խումբը Հայաստանի տարածքում աճող դեղաբույսերն էր հավաքագրել, թվայնացրել ու հարթակ ստեղծել դրանց շրջանառության համար, իսկ վերջին հաղթող թիմը մանրամասն հետազոտել էր մարդու աչքի ոսպյնակն ու փորձել վերլուծել իրենց իսկ թիմի կարճատես աղջիկների տեսողության խնդիրը։
«STEM/ԳՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի իրականացմանն աջակցել են ամերիկյան Հենրի Լյուս եւ Թրայվ Արմենիա հիմնադրամները։ ՖԵՄԻՆՆՈ-ի թիմը նախատեսում է ծրագիրը դարձնել ամենամյա եւ ներգրավել առավել մեծ թվով աղջիկների։ «Այս բացահայտ արդյունքնենը մեզ պարտավորեցնում են շարունակել ծրագիրն ու ապացուցել, որ Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է», – նշեց Սեդա Պապոյանը։