Հարեւանների հետ բնականոն հարաբերություններ պետք է լինեն. Սա պարզ տրամաբանություն է փոքրիկ «բայց»-ով. Հարեւանն ինքը չի ցանկանում, որ բնականոն հարաբերություններ հաստատվեն: Դա ես չեմ ասում, դա ասում է ձեր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նա շարունակեց. «Նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք: Մյուս կողմից ունենք ձեր ավելի վաղ արված հայտարարությունը, որ «Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջումների մասին, նշանակում է խոսել կապիտուլյացիայի մասին»: Ալիեւի ագրեսիվ հայտարարությունները չեն փոխվել:
Հիմա պարզ հարց եմ տալիս՝ ակնկալելով պարզ պատասխան, այս պայմաններում ինչպիսին է ձեր պատկերացրած, խոստացած խաղաղությունը, որով 2021-ին եկաք իշխանության»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն, ինչ ԱԳ նախարարն ասել է՝ ճիշտ է ասել, ես էլ եմ այս ամբիոնից ասել: Իմ պատկերացումը հետեւյալի մասին է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությունը պետք է լինի միջազգայնորեն հանրահայտ սկզբունքների շրջանակում եւ մենք պետք է հետեւողականորեն աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Դա է իրավիճակի նրբությունը:
Մենք որդեգրել ենք ռազմավարություն և պետք է հետևողականորեն գնանք այդ ռազմավարությամբ: Ինչ է ասում Ադրբեջանը, ինչ չի ասում, ես չեմ ասում՝ դա պետք է չլսենք, բայց մյուս կողմից՝ չի նշանակում, որ մենք Ադրբեջանի ամեն ասածից մեր ռազմավարությունը պետք է փոխենք:
Ո՛չ, մեր ռազմավարությունները պետք է չփոխվեն, և մենք հետևողականորեն պետք է առաջ տանենք խաղաղության օրակարգը և պետք է մեզնից կախվածն անենք, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի»:
Փաշինյանը նկատեց, որ այս իրավիճակում հեծանիվ հորինելու կարիք չկա. «Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, դա նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, և մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական: Այսինքն՝ քանի դեռ տեղի չի ունեցել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բոլորը կարող են ասել, որ դա անիրատեսական է:
Հիմա այդ բոլոր հայտարարությունների իմաստը, նպատակը ո՞րն է՝ մեզ շեղել մեր ռազմավարությունից: Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու՝ անկախ նրանից, թե այդ հայտարարությունները կհնչեն Հայաստանի ներսի՞ց, թե՞ Հայաստանից դուրս գտնվող ուժերի կողմից: Մենք այս ռազմավարությունն ենք իրականացնելու՝ միևնույն ժամանակ իրականացնելով բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային քաղաքականություն, որը լրացուցիչ կոմպոնենտ է մեր անվտանգության ապահովման համար»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: