Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
«Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։
Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել:
Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում»:
Հարցին՝ ինչպե՞ս են այս զարգացումներն ազդել Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերի վրա, Միրզոյանը պատասխանել է. «Ոչ միայն փախստականների ներհոսքը, այլև այս խնդրի արմատները, նկատի ունեմ Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ 2023թ., բայց նաև ամբողջ պատմությունը, որը սկսվեց 2020թ., երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ այնուհետև պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերը ներխուժեցին և օկուպացրեցին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը:
Իհարկե, այս իրավիճակում Հայաստանում շատերն էին հարցեր տալիս, և նրանք սկսեցին կասկածի տակ դնել ժողովրդավարության արդյունավետությունը։ Հետաքրքիրն այն էր, որ հարցերը հետևյալն էին. «Լավ, ժողովրդավարությունը երևի ներքուստ լավ է մարդկանց բարգավաճման համար և այլն, բայց արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է նաև ապահովել մեր անվտանգությունը»:
Այսպիսով, պատերազմից հետո, որի մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկան մի շարք ներքին ճգնաժամեր, և այս իրավիճակին որոշակի լուծում տալու համար որոշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մենք 2021 թվականին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովրդավարությունը եղավ այն հիմնական թեմաներից, որոնք քննարկեցինք նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Բարեբախտաբար, ժողովրդավարության օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունը՝ իմ քաղաքական կուսակցությունը, հաղթեց ընտրություններում և ձևավորեց կառավարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ առաջին հերթին կառավարության խաղաղության օրակարգը ինչպես նաև երկրի հետագա ժողովրդավարացումը»: