Կցանկանայի հուսալ, որ մի օր և հնարավորինս շուտ կգան ժամանակներ, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսկերպ նա մեկնաբանել է լրագրողի հարցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները, և հավելել, որ Հայաստանը ռազմական առումով պետք է պատասխանատու և համաչափ զարգանա»:
Այդ առնչությամբ լրագրողը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը նկատի ուներ։
Ի պատասխան՝ Մարիա Զախարովան հայտարարել է, որ « ադրբեջանցի պաշտոնյայի ոչ մի մեջբերում չի տեսել, որ հայտարարեր, թե ՀԱՊԿ-ը սպառնում է նշված պետության (Ադրբեջանի) անվտանգությանը»։
«Միգուցե ես ինչ-որ բան չե՞մ տեսել: Հաճույքով կտեսնեմ՝ արդյոք կգտնե՞ք նման մեջբերում»,-ասել է Զախարովան:
Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ հայտարարել է, որ «ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ»։
«ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը միավորում է իրենց անվտանգությամբ մտահոգված երկրներին։ Եվ ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա դա հաստատող կամ մատնանշող, որ այդ կառույցն ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Կան շատ հստակ մարտահրավերներ, կան հստակ խնդիրներ, նպատակներ, որոնցով աշխատում է այս կառույցը։
Սակայն այն ուղղված չէ որեւէ մեկի դեմ։ Սա ՆԱՏՕ չէ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հովանու (կամ ապրանքանիշի կամ ֆրանչայզինգի) ներքո նոր կազմավորումներ չեն: Ուստի այս մեջբերումը ոչ մի կերպ չի առնչվում ՀԱՊԿ-ին»,-շեշտել է Զախարովան։
Ըստ Մարիա Զախարովայի, եթե դիտարկենք այս մեջբերումը և ընդհանրապես ադրբեջանցի պաշտոնյաների մոտեցումը, «թեև, ճիշտն ասած, նրանք ունեն իրենց հիանալի դիվանագետները, մամուլի քարտուղարները և հարցերին պատասխանող մարդիկ, կարծում եմ, որ նրանք հաճույքով կմեկնաբանեն դա»:
Ինչ վերաբերում է ռազմական զարգացմանը, դա յուրաքանչյուր ինքնիշխան պետության խնդիրն է։ Գլխավորն այն է, որ դա չխաթարի ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և ուղղված չլինի միմյանց դեմ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։